Տխուր։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ ամենաանհասկանալին։ Ամենաանգաղափարականը։ Ամենախայտաբղետը։ Ամենաանմեղսունակը։ Չենք չափազանցում։ Ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունը «կայացավ» փողոցում, և անցնող յոթ ամիսներին ամենևին չտարորոշվեցին փողոցն ու «պալատը», պատասխանատվության և միտինգայնության բաղադրիչները, այլև որ «քայլած» թիմը երկրի խնդիրների, մարտահրավերների այնպիսի անգիտության մակարդակ ունի, որ ոչ «փետրվարի 31-ին» այն կգիտակցվի, ոչ էլ «40 հազար քառակուսի կիլոմետրն» անցնելով։
Ապագա խորհրդարանը լինելու է ավելի «դիտարժան», քան այսօրվա կառավարությունն է, ոչ միայն այն պատճառով, որ ունենալու է ջախջախիչ մեծամասնություն, ինչը ՀՀԿ-իզմի պատճենումն է, այլև այն պատճառով, որ աչքի է ընկնելու քննարկումների և խնդիրների արծարծման էլ ավելի էքսցենտրիկ վիճակներով: ՔՊ-ի ցուցակում այսօր «հավաքագրվում» են մարդիկ, որոնց մեծագույն արժանիքը Գյումրուց Երևան քայլելն է եղել, ու թե ինչ վարքագիծ կդրսևորեն նրանք ապագա խորհրդարանում, որը, ի դեպ, չմոռանանք, նաև Կոզեռնի գերեզմանոցն է, որն ունի լուրջ առաձնահատկություններ ոչ միայն աուրայի, այլև խաղի կանոնների առումով, ապա ստացվում է, որ Դյուրենմաթի թեզը, թե քաղաքական թատրոնը միշտ էլ գերազանցել է բեմական թատրոնին, ընդհանրապես կորցնում է իր արդիականությունը։
Հաջորդ հարցը. գաղափարակա՞ն է լինելու սպասվող ընտրապայքարը, հետևաբար՝ խորհրդարանը։ Ինչու՞ եք ծիծաղում, պարոնայք, պետք չէ ծիծաղել «քայլած» մարդկանց վրա, մանավանդ, երբ նրանց վստահված է երկրի ղեկը, երբ դու ապրում ես թշնամիներով շրջապատված տարածքում, երբ «քաջություն» ես ունենում հայտարարելու, թե կենսական ճանապարհներից կարևորը՝ Իրանի կյանքի ուղին հնարավոր է և փակվի Բոլթոնի այցից հետո՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պատճառով։ Ի դեպ, ԱՄՆ-ի հարաբերություններն ու՞մ հետ։ Հայաստանի՞։ Ինչու՞ այդպես ու այդքան դուր գալ ԱՄՆ-ին, երկրի շնչառությունը խեղդամահ անելու հաշվին, պարոնայք, չէ՞ որ դուք շատ փայլուն հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ, նաև Վրաստանի, որի հետ ճամփան փակվելու մասին հայտարարել նույնպես չեք երկնչում։ Իսկ ո՞րն է լինելու այդ դեպքում ձեր անելիքը, պարոն մեծամասնություն՝ խորհրդարանի, հետևաբար՝ գործադիրի։
Խոսելու՞ են ձեր «քայլողները» այդ մարտահրավերների մասին ընտրությունների ընթացքում՝ դրանք դարձնելով գաղափարական, չէ՞ որ դուք եկել եք, որ կյանքը բարելավեք, գաղափարայնացնեք, բարեփոխեք, ՀՀԿ-ի նման «անպետքությունը» խաղից դուրս հանեք, թույլ չտաք, որ նրանք շարունակեն իրենց անպտուղ գոյությունն այս հողի վրա:
Թե՞ ընտրարշավում, հետագայում էլ՝ խորհրդարանում, հույսներդ լինելու է հենց նույն փոքրամասնությունը՝ ՀՀԿ-ն «եթե վերջինս պառլամենտ մտնի», որը հաստատապես լուրջ հարցադրումներ է անելու, թեզեր է առաջ քաշելու, ձեռքներդ բռնելու է, ասի՝ սիրելի ՔՊ, ձեռքդ հետ քաշիր երկրի ցավի վրայից, որովհետև մենք, այո, անպետք, հազար մեղք գործած, կոռումպացված, բայց այժմ՝ այս ամենի համար հատուցող, քեզ թողել ենք երկիր, որը կայուն է եղել, ուր տնտեսական աճ է եղել, որը հարաբերությունների նորմալ մակարդակ է ունեցել թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի հետ, որը ՀԱՊԿ-ում չի ցանկացել «ֆուրոր» անել, ու էս նեղ մաջալին էդ կառույցում հեղինակազրկվել, որը ղեկավարում է ԵԱՏՄ-ն, ուր նույնպես հեղինակություն է ունեցել, որի հետ Լավրովը չի խոսել՝ «շոգ է Հայաստանում», ու Հայաստանից չեն պատասխանել՝ «հա, ապեր, շոգ է» գաղափարաբանությամբ, որին երբեք չեն տարել նստեցրել սեղանի ծայրին՝ բոլորից հեռու, հասկացնելու երկրի իզգոյացման նոմինացիան. Ղարաբաղյան խնդրի ընդունելի տարբերակ է թողել, ոչ երբեք վերելակում պայմանավորված, այլ դետալային մշակված, բոնուսավորված՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններով, որն այս իշխանությունը մատի մեկ շաժմամբ՝ վերելակի կոճակի սեղմմամբ ոչ ևս արեց, դարձրեց բանավոր պայմանավորվածություն՝ ստիպելով «բանակցային» կողմ Ղարաբաղին՝ Դավիթ Տոնոյանով հրահանգներ տալ՝ մի կրակեք Ալիևի վրա, նա «սպիտակ» է, «լիֆտում» ենք որոշել, ու երբեք Ալիևը, որը նույնպես գիտակցականության ու էլի շատ բաների հետ խնդիրներ ունի, այնպես, ինչպես մի քանի օր առաջ բարբաջեց, երբեք այդքան ամբարտավան չէր հոխորտացել հայերիս վրա։
Միով բանիվ, իհարկե, ինչպես Վանոն «որի անունը տալ իսկ չցանկացավ երբեմնի սկսնակ լրագրող, Վանոյի համակրանքը վայելող Նիկոլը» կասեր, կարելի է պարոն ԺՊ վարչապետին «իր ախմախության հետ թողնել միայնակ», շարունակությամբ էլ՝ չհորդորել ՀՀԿ-ին հետ քաշվել, անգամ նախընտրական պայքարի մեջ չմտնել՝ գաղափարայնացնելով այն, բայց քանի որ խնդիրը երկրին, պետականության շարունակությանն է վերաբերում, պետք է կամենալ։
Որ փողոցը խորհրդարանում հաջողի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ